Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ հանդիպումներ անցկացնելու նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան ռուսաստանցի ղեկավարների հետ։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունիսի 23-ին լրագրողներին հայտնել է, որ Արաղչին այցի ընթացքում «մի շարք բանակցություններ» կվարի։
«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովին, հաղորդում է, որ Պուտինը նախատեսում է Արաղչիի հետ հանդիպում օրվա ընթացքում։
Իրանի դատական համակարգի պաշտոնական Mizan լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մոհամադ Ամին Շայեստեն մահապատժի է ենթարկվել լրտեսության մեղադրանքով։ Կիսապաշտոնական Tasnim գործակալությունը նրան ներկայացրել է որպես Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ կապված կիբեռթիմի ղեկավար։
Մի քանի օր առաջ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել էր, որ Շայեստեն Իրանում վտանգված է և կարող է ենթարկվել «անկանոն մահապատժի»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հունիսի 22-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ հունիսի 21-ին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարվածները «հսկայածավալ վնաս» են հասցրել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին՝ վկայակոչելով արբանյակային պատկերները։
«Ավերում բառը լիովին տեղին է», - գրել է նա սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Ֆորդոյի, Նաթանզայի և Սպահան քաղաքի օբյեկտների վրա հարձակումները «ամբողջությամբ և լիովին ոչնչացվել են»։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին:
Մի քանի ժամ առաջ էլ հայտարարվել էր, որ «ՑԱԽԱԼ»-ն իրականացրել է «հետախուզության վրա հիմնված հարվածներ»՝ Թեհրան, Քերմանշահ և Համեդան քաղաքների շրջանում՝ օգտագործելով ավելի քան 30 միավոր զինամթերք։