Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցնում Իրանի Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին:
Մի քանի ժամ առաջ էլ հայտարարվել էր, որ «ՑԱԽԱԼ»-ն իրականացրել է «հետախուզության վրա հիմնված հարվածներ»՝ Թեհրան, Քերմանշահ և Համեդան քաղաքների շրջանում՝ օգտագործելով ավելի քան 30 միավոր զինամթերք։
Նշվում է, որ գործողությանը մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 20 կործանիչ։ Հարվածներ են հասցվել մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Թեհրանի մերձակայքում տեղակայված հակաօդային հրթիռային համակարգի կայանին։
Թիրախներն ընդգրկել են նաև հրթիռների պահեստավորման և արձակման ենթակառուցվածքներ, ինչպես նաև օդային հետախուզության համար օգտագործվող ռադիոլոկացիոն և արբանյակային համակարգեր։
Իրանական մեդիան հայտնել է, որ մայրաքաղաքի արևմտյան կողմում գտնվող Քարաջ քաղաքում ակտիվացվել է հակաօդային պաշտպանությունը, և պայթյունների ձայներ են լսվել։