Պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը, ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում»։
«Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115 հազար հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման», - ընդգծում է Արտգործնախարարությունը:
«Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց», - ասված է հայտարարությունում:
«Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով թյուր և վտանգավոր թեզեր», - ընդգծում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ փաստաթղթերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ «վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից»:
57 անդամ ունեցող կազմակերպության հայտարարության մեջ ձևակերպված են Հայաստանից ադրբեջանական մի շարք պահանջներ: Իսլամական երկրները կոչ են անում Երևանին հաղթահարել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խանգարող մնացած իրավական և քաղաքական խոչընդոտներն ու այդպիսով դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարումը։ Բացի այդ, դատապարտել են, որ Հայաստանը հրաժարվում է երկխոսել՝ «արևմտյան ադրբեջանական համայնքի հետ», վերահաստատել են նրանց վերադարձի իրավունքը՝ իրենց ծագման վայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում:
Առավել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան-Էրդողան հանդիպումից ժամեր անց ԻՀԿ ԱԳ նախարարները միացան Հայաստանից Ադրբեջանի պահանջներին. Երևանը հիասթափված էԻսլամական երկրները հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջներըԱռավել մանրամասն տե՛ս այստեղ