ՔԿ-ն Սամվել Դարբինյանին և նրա եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին, նրա եղբորն ու ևս երկու հոգու կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Նրանք ձերբակալվել էին այսօր առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով:

Քննչականից «Ազատության»-ը հայտնեցին նաև, որ քրեական վարույթը նախաձեռնվել է երեք ամիս առաջ: Այլ մանրամասներ չեն բացահայտում:

«Ազատության» տեղեկություններով Դարբինյան եղբայրներից բացի, մյուս երկու ձերբակալվածները նրանց ընտանիքին պատկանող շինարարական ընկերության աշխատակիցներ են: Ենթադրվում է, որ փողերի լվացումն առնչվում է հենց նրանց շինարարական կազմակերպություններին, որոնք անցած տարիներին Լոռու մարզում ակտիվորեն մասնակցել են պետական ու համայնքային միջոցներով տեղի ունեցող շինարարական մրցույթներին ու մի քանի միլիարդ դրամի շինարարություն իրականացրել, այդ թվում՝ համայնքային ու միջպետական ավտոճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ:

Նրա փաստաբանի հետ այսօր այդպես էլ հնարավոր չեղավ կապ հաստատել, պարզ չէ՝ նախկին համայնքապետն ընդունո՞ւմ է իրեն վերագրվող մեղադրանքը, թե՞ ոչ:

17 տարի՝ մինչև 2016 թվականը Վանաձորը ղեկավարած, հանրապետական Սամվել Դարբինյանի նկատմամբ հեղափոխությունից հետո բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել: Նա մեղադրվել է իր պաշտոնավարման տարիներին համայնքային գույքը էժան գներով ու ապօրինի իր ընտանիքի սեփականությունը դարձնելու, քաղաքում վատորակ շինարարություն թույլ տալու ու նաև յուրացումների համար, բայց որևէ գործով նա այդպես էլ մեղավոր չի ճանաչվել, պատիժ չի կրել: Նախկին պաշտոնյան որևէ օր ճաղերի ետևում չի անցկացրել:

Այդ վարույթների մի մասը հենց նախաքննության ընթացքում են կարճվել, մի մասն էլ՝ դատարանում՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ամբողջ քրեական հետապնդման ընթացքում նախկին քաղաքապետը պնդել է, թե իր դեմ գործերը կեղծ են, և որ ինքն իր 17 տարվա պաշտոնավարման ընթացքում որևէ խախտում թույլ չի տվել ու շարունակել միլիոնավոր դրամների շինարարական ծրագրեր անել մարզում:

Նախկին բոլոր քրեական վարույթների փակումից հետո, անցած տարեվերջին, դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայց ներկայացրեց, որի քննությունը դեռ չի ավարտվել: Վերջին դատական նիստը տեղի է ունեցել երեք օր առաջ, բայց Դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ շատ մանրամասներ չկան, մինչև օրս մի քանի նախնական նիստ է կայացել միայն:

Ավելի վաղ, դատախազությունից «Ազատության»-ը հայտնել են, որ դատարանից պահանջել են նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, երկու իրավաբանական անձում ունեցած բաժնեմաս, մեկ շուկայական անձում ունեցած բաժնեմասի շուկայական արժեքը և 165 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտ և օրինական եկամուտներով չհիմնավորվող, այլ անձանց փոխանցված դրամական միջոցներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Սամվել Դարբինյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող ունեցվածքը

Սամվել Դարբինյանն իր քաղաքապետ եղած տարիներին եղել է Հանրապետական կուսակցության անդամ, ղեկավարել կուսակցության տեղի կառույցը: Նրա պաշտոնավարման ընթացքում քաղաքի արդեն չգործող մանկապարտեզներից մեկը սեփականության իրավունքով տվել է իր հարազատ կուսակցությանը:

Դարբինյանը Վանաձորի 2021-ի տեղական ընտրություններին չի մասնակցել, նաև որևէ ուժի բացահայտ չի աջակցել, բայց նույն թվականի խորհրդարանական ընտրություններին ակտիվ քարոզում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի օգտին, մշտապես նրա նախընտրական շտաբում էր ու մասնակցում էր նախընտրական հանրահավաքներին։

Հայտնի չէ՝ արդյոք նախկին քաղաքապետն ու ընտանիքը ներգրավվա՞ծ են վերջին քաղաքական իրադարձություններում, թե՞ ոչ: