«Այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ «համաձայնություն» չկա», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ արված պնդումներին։
«Ինչպես Իրանը բազմիցս հստակեցրել է. Իսրայելն է պատերազմ սկսել Իրանի դեմ, այլ ոչ թե հակառակը: Եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով ժամը 4-ին, մենք մտադրություն չունենք շարունակել մեր պատասխանը դրանից հետո», - գրել է Արաղչին X-ում։
«Մեր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ», - եզրափակել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա ժամերին, երբ երկու կողմերն էլ ավարտեն նախկինում սկսված ռազմական գործողությունները։
Թրամփը նշել էր, որ զինադադարը կսկսվի «մոտավորապես վեց ժամից» և կիրականացվի փուլ առ փուլ 24 ժամվա ընթացքում, «որից հետո պատերազմը կհամարվի ավարտված»։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակն էլ հրաժարվել է մեկնաբանել հունիսի 24-ի առավոտյան հրադադարի մասին հաղորդագրությունները։