ԱՄՆ-ը հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին

Այս գիշեր Ամերիկան միջամտեց Իրանի դեմ Իսրայելի՝ ավելի քան մեկ շաբաթ շարունակվող առճակատմանը՝թիրախավորելով Թեհրանի միջուկային օբյեկտները, այդ թվում՝ Ֆորդոյի կայանը, որը տեղակայված է լեռան խորքում։

Նախագահ Թրամփը հայտնեց, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը «հաջողությամբ ռմբակոծել են Իրանի միջուկային ծրագրի երեք հիմնական՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտները:

«Իրանի՝ ուրանի հարստացման ամենամեծ գործարանները լիովին ոչնչացվեցին»,- գրել է նա, հավելելով՝ «լիքը ռումբեր են նետվել։ Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադառնում են տուն։ Շնորհավորում ենք մեր հզոր ամերիկացի զինվորներին։ Աշխարհում ոչ մի այլ զինվորական դա չէր կարողանա անել»։

Ավելի ուշ, ուղերձով դիմելով ժողովրդին, Թրամփը պնդեց, թե Ամերիկան միացավ Իրանի դեմ ռազմական գործողություններին, քանի որ «դիվանագիտությամբ հնարավոր չեղավ Թեհրանին վերադարձնել բանակցային սեղան»:

«Մեր նպատակն էր վերացնել Իրանի միջուկային հարստացման կարողությունները և ավարտել այդ միջուկային սպառնալիքը՝ ահաբեկչությունը հովանավորող թիվ մեկ պետության կողմից»,-պնդեց Դոնալդ Թրամփը, հավելելով,- «Սա չի կարող շարունակվել։ Իրանի համար կա'մ խաղաղություն կլինի, կա'մ ողբերգություն»։

ԱՄՆ նախագահը միաժամանակ սպառնաց ավելի հզոր հարվածներ հասցնել Իրանին, եթե վերջինս հակահարված տա ԱՄՆ-ի գործողություններին։

Թրամփը, որ ընտրվել էր աշխարհի հակամարտությունները հարթելու խոստումներով, և դեռ երկու օր առաջ ասել , թե «երկու շաբաթում» կորոշի՝ միանում է Իրանի դեմ գործողություններին, թե՝ ոչ, երեկ պնդեց, թե Իրանում դեռ բազմաթիվ թիրախներ կան. - «Եթե շուտափույթ խաղաղություն չլինի, մենք ճշգրտությամբ ու հմտությամբ արագ այդ թիրախների ետևից կգնանք»:

ԱՄՆ-ի խոցած երեք միջուկային օբյեկտները

Ժամեր առաջ հաղորդումներ կային, որ Ամերիկյան գերգաղտնի B-2 ռմբակոծիչները, որ կրում են բունկերներ պայթեցնող 13500 կիլոգրամանոց ռումբեր, ԱՄՆ-ից դուրս են եկել և թռչում են Խաղաղ օվկիանոսի վրայով:

Ամերիկացի ու իսրայելցի պաշտոնյաներն ավելի վաղ ասել էին, թե ԱՄՆ-ը միակ երկիրն է, որ կարող է հարվածել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին:

«Աճող վտանգ կա, որ այս կոնֆլիկտը կարող է վերահսկողությունից դուրս գալ՝ կործանարար հետևանքներ ունենալով խաղաղ բնակիչների, տարածաշրջանի ու աշխարհի համար», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հավելելով, որ «խորապես անհանգստացած է» այս հարվածների հետևանքով «վտանգավոր էսկալացիայից»:


«Ֆորդոն չկա»

Դոնալդ Թրամփը, կիսելով Open Source Intel-ի գրառումը X-ում, պնդել է, թե «Ֆորդոն այլևս չկա»:

Քոմ նահանգի խոսնակը հայտնել է, որ Ֆորդոյի մի մասը «թշնամու ավիահարվածների» տակ է եղել:

Իրանի պետական հեռուստաընկերությունը պնդել է, թե հարվածներից առաջ միջուկային նյութերը հեռացվել են բոլոր երեք օբյեկտներից:

Իրանի ատումային էներգայի գործակալությունը հաստատել է, որ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտները հարձակման են ենթարկվել «թշնամիների կողմից»:

Նշվում է, որ հարձակումները «բարբարոսական էին ու խախտում են միջազգային իրավունքը։ Միաժամանակ, Թեհրանը հերքում է, որ թիրախում հայտնված օբյեկտները լիովին ոչնչացվել են՝ խոստանալով շարունակել ուրանի հարստացումը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, թե Իրանը ոչ մի դեպքում չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը, իսկ արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել էր, որ ԱՄՆ-ի մասնակցությունը «շատ, շատ վտանգավոր կլինի բոլորի համար»:

Արաղչին ասել էր, թե Իրանը բաց է երկխոսության համար, բայց ցանկություն չունի բանակցելու ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածները:

Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում Մասուդ Փեզեշքիանն ասել էր՝ Իրանը «պատրաստ է քննարկել ու համագործակցել՝ խաղաղ միջուկային գործունեության շուրջ վստահություն կառուցելու հարցում»:

«Այդուհանդերձ, մենք համաձայն չենք զրոյի հասցնել մեր միջուկային գործունեությունը ոչ մի պարագայում», - պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ ասել էր Իրանի նախագահը: