Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու ՊԵԿ նախագահը մեկնում են Թբիլիսի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հունիսի 23-ին կմեկնեն Թբիլիսի։ Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։

Նրանք Վրաստանի իրենց պաշտոնակիցների հետ կքննարկեն երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։

Գևորգ Պապոյանի և Էդուարդ Հակոբյանի այցը Վրաստան տեղ է ունենում Հայաստանից կոնյակի ու գինու արտահանման սրված խնդիրների ֆոնին. հայ կոնյակագործները ապրիլից բարձրաձայնում են վրացական կողմի ստեղծած բարդությունների ու հայկական կոնյակը երկրի տարածքից բաց չթողնելու, լրացուցիչ փորձաքննությունների պահանջների մասին։

Այս ընթացքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նախատեսում էր այցելություն Թբիլիսի այս խնդիրների քննարկման համար, որը տեղի չունեցավ, չկայացավ նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարարի խոստացած այցելությունը Հայաստան։

Վերջին 2 օրերին հայկական կոնյակի որոշ բեռնատարների բացթողումը Վրաստանի մաքսային պահեստից վերսկսվել է։