Նոր գծեր՝ հին խնդիրներ․ Երևանի փողոցներում կրկին խցանումները շատացել են՝ մինչդեռ արձակուրդային շրջանում պատկերն այլ պետք է լիներ: Քաղաքային իշխանությունը հայտարարում է՝ ուզում են բարելավել հանրային տրանսպորտը՝ ավտոբուսների համար նոր գծեր են առանձնացրել, բայց վարորդների հարցն է՝ ով է պատասխան տալու անվերջ խցանումների և պարալիզացված քաղաքի համար:
Երկու շաբաթ առաջ ներդրված ավտոբուսային գծերը միտված են բացառապես հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավմանը, պարզաբանում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
Մաշտոցի պողոտայում առանձնացված գիծը կշարունակվի Խորենացի փողոցով, ապա Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցներով կհասնի Հաղթանակի կամուրջ: Խորենացի փողոցում կայանելն արգելվել է, որ երկու ուղղություններով էլ ավտոբուսի գիծն աշխատի: Արգիշտի, Գրիգոր Լուսավորիչ փողոցներում նույնպես փոփոխություն է արվել, ինչին էլ դեռ չեն հարմարվել վարարոդները:
Երթևեկության նոր սխեմայի պատճառով վարորդները երկու երթևեկելի գոտուց միայն մեկով պետք է վարեն, դեպի Արշակունյաց փողոց հատվածում վարորդները չեն հասցնում ժամանակին ազատել խաչմերուկը, ձևավորվում է խցանման օջախ, ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: Քաղաքային իշխանությունը խնդրին լուծում ունի:
«Առաջիկա օրերին 4-րդ երթևեկելի գոտուց ձախ շրջադարձը դեպի Արգիշտի փողոց արգելենք, որը կթեթևացնի հոսքերը դեպի Արգիշտի փողոց, հնարավորություն տալով Արգիշտի փողոցի ծանրաբեռնվածությունը նվազեցնել ու ընդհանուր երթևեկությունը բարելավել, որովհետև խցանումն այդ հատվածում է ներկայումս: Իսկ հոսքերը տեղափոխենք Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոց փողոցների խաչմերուկ: Լուսացուցային ռեժիմների կարգավորման արդյունքում հնարավորություն տանք, որպեսզի այս հոսքերը երթևեկեն դեպի Հաղթանակն կամուրջ ու Հաղթանակ կամրջում էլ լուսացուցային ռեժիմի փոփոխության արդյունքում հնարավորություն տանք անխոչընդոտ դրանք ազատեն դեպի Իսակով և Աթենքի փողոցներ», - ասաց Հարությունյանը:
Հիմնական նպատակը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, ապահովելն է, որ հանրային տրանսպորտը շարժվի արագ, անվտանգ և առավելություն ունենա մյուս երթևեկողների նկատմամբ։ Քաղաքային իշխանությունները չեն հերքում՝ երբ հասարակական տրանսպորտի համար առանձնացվում է գոտի, այն վերցվում է ընդհանուր երթևեկելի տարածքից, ինչը անխուսափելիորեն բերում է մյուս ուղղություններով ծանրաբեռնվածության:
Փոփոխություններից հետո քաղաքապետարանը շարունակական մշտադիտարկում է անցկացնում, ասաց պատասխանատու պաշտոնյան, անհրաժեշտության դեպքում կատարվում են երթևեկության կազմակերպման տեղային փոփոխություններ՝ տրանսպորտային հոսքերի մի մասն ուղղվում է այլ փողոցներով՝ խուսափելու համար ընդհանուր խցանումներից:
Դիտարկմանը, որ բազմաթիվ քաղաքացիներ ընտրում են տաքսին կամ անձնական մեքենան ոչ թե հարմարավետության փնտրտուքով, այլ այլընտրանք չունենալու պատճառով, քանի որ հանրային տրանսպորտի շարժակազմը քիչ է ու ոչ միայն չի բավարարում ուղևորահոսքին, այլև ֆիզիկապես անհնար է օգտվել տրանսպորտից, Վազգեն Հարությունյան արձագանքեց. - «Բոլորիս հատնի է, որ շատ են բողոքները տրանսպորտի ուշացման հետ կապված, սահմանված չվացուցակով երթուղին չսպասարկելու հետ կապված, սա պայմանավորված է, որ հասարակական տրանսպորտը շատ անգամ մնում է խցանումների մեջ, չունի առանձնացված երթևեկելի գոտնի, միջին արագությունը գրեթե նույնն է, ինչ ընդհանուր տրանսպորտինը, իսկ երթևեկության առանձնացված գոտիների ներդրման արդյունքում հասարակական տրանսպորտ ունենում է առավելություն, իր միջին արագությունը ավելանում է»:
Քաղաքային իշխանությունը վստահեցնում է՝ եթե նման փոփոխություններ չարվեն, ապա, հաշվի առնելով մեքենաների թվի շարունակական աճը, մայրաքաղաքի երթևեկությունը ոչ թե կկայունանա, այլ էլ ավելի կվատանա: Պաշտոնական դիրքորոշումն ուղիղ է՝ առանց հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալու, խնդիրը լուծում չի ունենա։ Քաղաքային իշխանություններն ընդգծում են, որ մինչ անձնական մեքենաներում միջինը տեղաշարժվում է մեկ կամ երկու մարդ, հանրային տրանսպորտում ուղևորների թիվը հասնում է 60-80-ի։ Ուստի, ըստ նրանց, տրամաբանական է, որ հենց հասարակական տրանսպորտն էլ պետք է ունենա առավելություն երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։