«Ազատություն» TV-ն շարունակում է ուղիղ հեռարձակումը
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիան Բաղրամյան փողոցում շարունակվում արդեն շուրջ 6 ժամ:
Մինչև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերթական անգամ պահանջում է չխախտել ժամը 23:00-ից հետո փողոցում չաղմկելու արգելքը, ցուցարարները երգում ու կոչեր են հնչեցնում՝ խլացնելով նրա կոչը:
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Բաղրամյան փողոցի լույսերի մի մասը անջատվեցին, ցուցարարները խոսում են այն մասին, որ ոստիկանները նախապատրաստվում են վճռական գործողութունների: Ոստիկաններն էլ խոսում են ջրցան մեքենան միացնելու մասին:
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Երևանի փոխոստիկանապետը չի հերքում, որ իրենք պատրաստվում են գործողությունների:
«Հասարակական կարգը տևական ժամանակ խախտվում է», - ասում է նա:
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Ոստիկանությունը դիմում է ակտիվիստներին:
«Խնդրում ենք ձեզ վերադառնալ Ազատության հրապարակ», - հորդորում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Ցուցարարները քնում են գետնի վրա: Երևանի փոխոստիկանապետը հանդիմանում է նրանց:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ոստիկանները սաղավարտներ են հագնում և առերևույթ պատրաստվում են ինչ-որ գործողության:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Երևանի փոխոստիկանապետը պատրաստվում է ինչ-որ հայտարարություն անել: Ոստիկանները հագել են սաղավարտները և առերևույթ՝ պատրաստվել են ինչ-որ գործողության:
«Ձեր գործողությունները անօրինական են: Ոստիկանությունը պահանջում է անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները և դրա վայր ընտել Ազատության հրապարակը կամ այլ վայր», - ասում է Վալերի Օսիպյանը: - «Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված կերպով կօգտագործի ուժ և հատուկ միջոցներ»:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Երևանի փոխոստիկանապետը երկրորդ զգուշացումն է անում և 10 րոպե ժամանակ է տալից ցուցարարներին՝ «անօրինական գործողությունները» դադարեցնելու համար:
- Հեղինակ՝ Արթուր Պապյան
5:30՝ նախազգուշացնելուց հետո, ոստիկանները սկսեցին Բաղրամյան փողոցը ցուցարարներից ազատելու օպերացիա՝ ջրցան մեքենաների, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ:
Նախքան օպերացիան սկսելը ոստիկանները մոտեցան «Ազատության»՝ ուղիղ տեսահեռարձակում իրականացնող թիմին և պահանջելով ազատել միջանցքը՝ քաշքշեցին և տեղահան արեցին ու վնասեցին ուղիղ տեսահեռարձակող տեխնիկան:
Այնուհետև հարձակում սկսվեց լրագրողների վրա՝ այս գործում ակտիվությամբ աչքի էին ընկնում քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա, ջարդում տեսանկարահանող տեխնիկան, առգրավում տեսանկարահանող սարքերի չիպերը: Մասնավորապես՝ ջարդվեց «Ազատության» տեսախցիկներից մեկը, ինչպես նաև մեր լրագրողի հեռախոսը, որով վերջինս փորձում էր տեսանկարահանում իրականացնել: